Հայաստանի էլեկտրական ցանցերի հարցը քաղաքական բնույթ է կրում

Փետրվարի 17-ին լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ ընկերության սեփականատերերի նկատմամբ իրականացվող գործընթացը ակնհայտ քաղաքական բնույթ է կրում։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ընկերության սեփականատերերի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում՝ մեկ մարդու քմահաճույքով։ Ղազինյանը նշել է, որ նոր փաստերը վկայում են այն մասին, որ ՀԷՑ-ը վերցվել է ուժային մեթոդներով, իսկ գործընթացը քաղաքականացվել է։

«Մարդկանց փոքր խմբի շատ ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, տեսանյութեր էին տեղադրում, որոնք վերաբերում էին ընկերության ներգրաված վարկերին և դրանց տոկոսադրույքներին։ Մի քանի անգամ դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ պահանջելով ներկայացնել ճշմարտությունը։ Մեր բազմաթիվ պահանջներից հետո վերջինս վերջապես ընդունեց, որ ներգրավված վարկերի տոկոսադրույքների վճարումները կատարել է ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Այսինքն՝ ներգրավված վարկերը սակագնի հետ որևէ առնչություն չեն ունեցել», – ասել է նա։

Ղազինյանը նաև նշել է, որ ներկայիս իշխանության պահպանման դեպքում՝ այս տարի խորհրդարանական ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա։ Նրա խոսքով՝ իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի մինչեւ ընտրություններ սակագինը չբարձրացվի, հայտարարելով, որ այդ խնդրի լուծմանը ուղղել են 13 մլրդ դրամ, որի ծագումը, սակայն, հանելուկ է մնում։