Պոլսո հայոց պատրիարքի դիրքորոշումը Եպիսկոպոսաց հավաքի և ներկա իրավիճակի վերաբերյալ

Որպես Պոլսո հայոց պատրիարք, համարում եմ անհրաժեշտ ներկայացնել իմ դիրքորոշումը Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսաց հավաքի և Հայաստանում ընթացող իրադարձությունների շուրջ։

Վիեննայի Եպիսկոպոսաց հավաքի ընթացքում, որպես Մայր Աթոռի ներկայացուցիչ, ես ժողովական հայրերին և Վեհափառ Հայրապետին փոխանցեցի երկու հիմնական առաջարկ։

Առաջին առաջարկը սինոդականության ստեղծումն էր։ Իմ կարծիքով՝ այս կառույցը կարող է հող պատրաստել կառավարության հետ բանակցությունների և համաձայնության հասնելու համար՝ նպաստելով ներկայիս ճգնաժամից դուրս ելք գտնելուն և ամրապնդելով Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դիրքերը։

Երկրորդ առաջարկը վերաբերում էր Ազգային Եկեղեցական Ժողովի գումարմանը։ Ես կարծում եմ, որ եպիսկոպոսների այս հավաքը պետք է լինի այն հանգուցային կետը, որտեղ կճշտվի Ժողովի գումարման ամսաթիվը և կկազմվի համապատասխան հանձնախումբ։

Այս խառնաշփոթ իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները հակաեկեղեցական քաղաքականություն են իրականացնում՝ կալանավորելով եպիսկոպոսների և քահանաների, իսկ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հեղինակազրկված է, Մայր Աթոռը պետք է ցուցաբերի խելամտություն և պաղարյունություն՝ խուսափելով հակամարտության խորացումից։

Իմ կարծիքով՝ Կաթողիկոսի կարգավիճակը վերաճշտելու միակ անառարկելի համաեկեղեցական կառույցը Ազգային Եկեղեցական Ժողովն է, և հենց այն պետք է լինի այս ճգնաժամի լուծման հիմքը։

Ես նաև ցանկանում եմ նշել, որ սփյուռքահայերը, որոնք հիմնականում դիտորդի դիրքերում են, շփոթված են այս իրադարձություններից։ Հայ ազգի երկու սրբությունները՝ Եկեղեցին և Պետությունը, իրար մաշեցնելու փոխարեն պետք է միասնական գործեն ազգի բարօրության համար։