«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր մոտեցումը համընդհանուր բժշկական ապահովագրության հարցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է իր քաղաքական ուժի մոտեցումը Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի հարցում։

Ըստ Ծառուկյանի՝ կուսակցությունը ներկայացնում է «Առաջարկ Հայաստանին» ծրագիր, որի շրջանակում առողջապահությունը համարվում է երկրի կյանքին վերաբերող կարևորագույն խնդիրներից մեկը։

«Իմ սկզբունքային մոտեցումն է. առողջապահության ապահովագրությունը կարևորագույն համակարգ է, և այն անպայման պետք է գործի։ Սակայն բարեփոխումները պետք է արվեն մտածված և խնամքով, չլինեն բուժաշխատողների եկամտի, առողջության և բարեկեցության հաշվին»,- նշել է Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթ է ապահովել բժիշկների և բուժաշխատողների համար արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությանը համապատասխան աշխատավարձ։ Ըստ նրա՝ համընդհանուր ապահովագրական համակարգը պետք է ապահովության զգացում տա ինչպես հիվանդներին, այնպես էլ բուժաշխատողներին։

«Մենք առաջարկում ենք այնպիսի համակարգ, որը երաշխիքներ կտա մեր քաղաքացիներին ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե կլինի նախընտրական ակցիա՝ ֆինանսավորման անհասկանալի մեխանիզմներով»,- ընդգծել է Ծառուկյանը։

Նա նաև նշել է, որ համընդհանուր առողջապահական ապահովագրությունը պետք է ուղեկցվի ենթակառուցվածքային ներդրումներով՝ բուժհիմնարկների վերազինում, արդիականացում և շենքային պայմանների բարելավում, հատկապես մարզերում։

Ծառուկյանը հստակեցրել է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացուն դեղերի շուկայում՝ նույնպես, ինչպես էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։ «Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև։ Առողջությունը չպիտի զոհ գնա շուկային կամ մենաշնորհներին։ Սա իշխանությունների քաղաքական և մարդկային պարտավորությունն է»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը նախատեսվում է ներդնել երեք տարվա ընթացքում՝ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգի մեջ են ներգրավվել մինչև 18 տարեկան երեխաներ, 65 և բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան հաշմանդամներ, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ և 200 000 դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներ։