Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և դեսպանությունների ղեկավարները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսանդր Գորյաինովը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունում հիշեցրել են, որ 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարությունը՝ խորին ցավակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։

Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինտերը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Նրա խոսքով՝ «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հարգում ենք 1915-1917 թվականներին հայերի դեմ իրականացված զանգվածային ոճրագործությունների զոհերի հիշատակը։ Մենք անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նրանց նախնիների կրած տառապանքների պատճառով։ Մենք միանում ենք հայերին և խոնարհվում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և ողջ մնացածների առջև»։

Կանադայի դեսպան Էնդրյու Թյորրը նույնպես ներկայացրել է իր երկիրը Ծիծեռնակաբերդում կայացած արարողությանը՝ նշելով, որ դա «հզոր և հուզիչ» միջոցառում էր։

Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը և դեսպանության դիվանագետները նույնպես մասնակցել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպված ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողությանը։

Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ նշելով, որ «հարգելով զոհերի հիշատակը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը»։

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Փիրունչիկը նշել է, որ «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցն է։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակին և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։ Նա մեջբերել է 1915 թվականին Չեխիայի հանրահայտ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արևելքի սարսափները» գրքից․ «Ես տեսել եմ տառապյալ, տանջված, սոված և մարդկային արժանապատվությունից զրկված մարդկանց անվերջ քարավաններ»։ Չեխ դիվանագետը հավելել է, որ 2017 թվականին Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

ԱՄՆ դեսպանատանը հայտարարել են, որ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին։

Հիշատակի տուրք են մատուցել նաև Հայաստանում Շվեդիայի դեսպան Եվա Սունդկվիստը, Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը և մի շարք այլ դիվանագետներ։

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկիզբ դրվեց կայսրության հայ հպատակների ոչնչացմանը, որը սկսվեց հայ մտավորականների ձերբակալություններով, իսկ հետո վերածվեց հայերի լիակատար բնաջնջման։ Այս ողբերգության արդյունքում ավելի քան 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, սովից ու խոշտանգումներից մահացան։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ։