Ժնևում ընթացող զինաթափման համաժողովի բարձր մակարդակի հատվածում ելույթ ունենալիս ես ընդգծեցի Հայաստանի անսասան հանձնառությունը միջազգային պարտավորությունների կատարմանը, մասնավորապես՝ զինաթափման և չտարածման ոլորտում։
Համաշխարհային աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում նման միջոցառումը պետք է ցուցաբերի նորացված քաղաքական կամք՝ հաղթահարելու երկարատև ընթացակարգային խոչընդոտները և առաջ մղելու համաշխարհային անվտանգության ավելի լայն նպատակները։
Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ և ապահով օգտագործումն է։ Մեր կառավարությունը միջուկային էներգիան դիտարկում է որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի հիմնական բաղադրիչ։
Չնայած Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք նոր միջուկային էներգաբլոկին սահուն և անվտանգ անցման տարբերակները։ Այս պահին մենք ուշադիր ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների կողմից ներկայացված առաջարկները։ Ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության բարձրագույն չափանիշների վրա։
Ես նաև անդրադարձել եմ զենքի վերահսկողության ռեժիմների արդյունավետությանը՝ ընդգծելով, որ դրանք կարող են հաջող լինել միայն բարի կամքի և հիմնարար սկզբունքների՝ թափանցիկության, ստուգելիության, համաչափության և զսպման հիման վրա։
Դրականորեն եմ գնահատել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացը՝ հայ-ադրբեջանական համատեղ հռչակագրի ստորագրումը, որը բացել է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային համագործակցության նոր գլուխ Հարավային Կովկասում։
Հատուկ ուշադրություն եմ դարձրել ռազմական արհեստական բանականության (ՌԱԲ) համակարգերի զարգացման և օգտագործման հարցին՝ շեշտելով, որ ուժի կիրառման վերաբերյալ որոշումները և դրանց հետևանքների պատասխանատվությունը պետք է մնան մարդկանց ձեռքում։ Պետական պատասխանատվության կարևորությունը սովորական զենքի միջազգային փոխանցումների համար նույնպես անհրաժեշտ է։ Զենքի փոխանցման որոշումները պետք է հիմնված լինեն մանրակրկիտ ռիսկերի գնահատման վրա՝ ապահովելու համար, որ դրանք չնպաստեն անկայունությանը կամ չսնկի պետական վերահսկողությունից դուրս բռնությանը։