ԱՄՆ Կոնգրեսում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված հայ ռազմագերիների 1000 օրյա պահմանը

Հունիսի 23-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին, ԱՄՆ Կոնգրեսում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների և պատանդների պահման 1000 օրվան։

«1000 օր. Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա» խորագրով մամուլի ասուլիսը կվարեն ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերի կոմիտեի փոխնախագահ Բրեդ Շերմանը, ինչպես նաև կոնգրեսականներ Թոմ Մաքքլինթոքը, Ջուդի Չունը և Լորա Ֆրիդմանը։

Այս միջոցառումը կկայանա այն պահին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական առաջարկը, որը պահանջում է Ադրբեջանին անհապաղ և առանց պայմանների ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։

Խորհրդում նշում են, որ քննարկման կենտրոնում կլինեն նաև այլ օրինագծեր, այդ թվում՝ 2027 թվականի ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքը, որը նախատեսում է սահմանափակել Ադրբեջանին ուղղված ռազմական օգնությունը, և Պետական դեպարտամենտին հատկացումների մասին օրենքը, որը սահմանում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալները։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը կազմում է մի քանի հարյուր։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ։ Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին՝ մինչև 15 տարվա ազատազրկման։