Հայաստանի և Բուլղարիայի միջև ավիացիոն կապի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավորությունները քննարկվել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանի և «Bulgaria Air» ավիաընկերության ղեկավարության միջև հանդիպման ընթացքում։
Հանդիպումը տեղի է ունեցել Սոֆիայում։ Դեսպան Ծովինար Համբարձումյանի հետ հանդիպել են ավիաընկերության գլխավոր տնօրեն Բիստրա Մարինկովան, կոմերցիոն տնօրեն Իվան Իվանովը, ցանցի պլանավորման և զարգացման տնօրեն Մոմչիլ Իվանովը և ֆինանսական տնօրեն Ստոյկո Ռադիևը։
Հանդիպման ընթացքում Ծովինար Համբարձումյանը նշել է երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների, հատկապես Սոֆիայի և Երևանի միջև, կարևորությունը։ Նա ընդգծել է նաև Բուրգասի և Երևանի միջև սեզոնային չարտերային չվերթների դերը, սակայն հավելել է, որ դրանք բավարար չեն երկկողմ տուրիզմի, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակման և ապրանքաշրջանառության զարգացման համար։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշտապես զարգացող ռազմավարական հարաբերությունների, առևտրի ծավալների և զբոսաշրջային հոսքերի շուրջ։ Նրանք պայմանավորվել են համատեղ աշխատել համագործակցության հնարավորություններն ավելի խորն ուսումնասիրելու և ապագա ծրագրերը ուրվագծելու ուղղությամբ։