Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է հայտարարություն, որում կոչ է արել Թուրքիային առերեսվել ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ։
«Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի նշան հիշատակի և համերաշխության։ Մեր պարտքն է արժանապատվորեն հարգել նրա հիշատակը և համառորեն հասնել արդարության։ Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ՝ ճանապարհ բացելով դեպի ավելի խաղաղ և համատեղ ապագա», – ասված է կուսակցության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեց հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունը, որը հետագայում վերածվեց հայերի լիակատար բնաջնջման։ Այս ողբերգության հետևանքով ավելի քան 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին և սովից ու խոշտանգումներից մահացան։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն։ Առաջինը հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը (1965)։
Թուրքական իշխանությունները շարունակում են մարդկության դեմ այդ հանցագործության ժխտման քաղաքականությունը։ Ամեն տարի Հայաստանում և Սփյուռքում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։