Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարեց Հայոց ցեղասպանության և Արցախի իրադարձությունների մասին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդիսավոր ոգեկոչմամբ և աղոթքով միացել է աշխարհասփյուռ հայությանը և հատկապես Հայ Առաքելական Եկեղեցուն։

WCC-ի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայը նշել է, որ այս հիշատակի օրը ոչ միայն հիշատակի ակտ է, այլև խղճի կոչ՝ համաշխարհային հանրությանը հիշեցնելով մարդկային արժանապատվության, ճշմարտության և արդարության պաշտպանության համար հրատապ պատասխանատվության մասին։ Նա սգում է կորսված կյանքերի, ավերված համայնքների և սերունդների միջոցով փոխանցվող հարատև ցավի համար։

Ջերի Փիլայը խորը մտահոգություն է հայտնել 2023 թվականին Արցախից հայերի բռնի տեղահանման և տառապանքների կապակցությամբ, որը հանգեցրել է ողջ բնակչության զանգվածային արտագաղթի իր պատմական հայրենիքից։ Նա նշել է, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը իր համերաշխությունն է հայտնում բոլոր տուժածներին՝ աղոթելով ապաքինման, իրավունքների և արժանապատվության պաշտպանության և վերականգնման համար։

Նրա խոսքով՝ արդար և կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի լիակատար հարգման վրա, ներառյալ տեղահանված անձանց անվտանգ և արժանապատվորեն տուն վերադառնալու իրավունքը, կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պահպանումը։ Նա կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր բանտարկյալներին՝ ընդգծելով, որ խաղաղությունը պետք է կառուցվի արդարության, ճշմարտության և պատասխանատվության վրա։

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկիզբ դրվեց կայսրության հայ հպատակների ոչնչացմանը, որը սկսվեց հայ մտավորականների ձերբակալություններով, իսկ հետո վերածվեց հայերի լիակատար բնաջնջման։ Թուրքական իշխանությունների այս գործողությունների արդյունքում ավելի քան 1,5 մլն հայեր տեղահանվեցին, սովից ու խոշտանգումներից մահացան։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և աշխարհի բազմաթիվ երկրներ։ Այդ օրը Հայաստանում և Սփյուռքում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։