Իրանի ռազմավարությունը և համաշխարհային քաղաքականության փոփոխությունները

Իմ Facebook-ի էջում նշվածը հիմնված է Իրանի ռազմավարական մոտեցման վրա, որը կարող է ունենալ աշխարհաքաղաքականության և տնտեսության վրա խորը հետևանքներ։ Թեհրանի կողմից առաջարկվող և Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խարխլել ԱՄՆ-ի գերիշխանությունը՝ միաժամանակ նպաստելով Չինաստանի ազդեցության ընդլայնմանը։

ԱՄՆ-ի ռազմական ռազմավարությունը ավանդաբար կենտրոնացած է եղել արագ և լոկալ գործողությունների վրա, որոնք նպատակ ունեն կարճ ժամանակում հասնել հիմնական արդյունքների՝ նվազագույնի հասցնելով քաղաքական և ֆինանսական ծախսերը։ Իրանը, սակայն, ընտրել է հակառակ մարտավարությունը՝ ուղղված հակառակորդի ռեսուրսների «մաշեցմանը» և լարվածության աշխարհագրության ընդլայնմանը։

Այս մոտեցման ամենակարևոր դրսևորումներից է Իրանի կողմից սպառնալիքներ ուղղելը կարևոր էներգետիկ ճանապարհի՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Սա ցուցադրում է պատրաստակամություն օգտագործելու այս գործիքը միջազգային շուկաների վրա ճնշում գործելու համար։ Այս իրավիճակը հատկապես նշանակալից է համաշխարհային էներգետիկ քաղաքականության համատեքստում։ Իրանի կողմից ցուցադրվող պատրաստակամությունը՝ նավագնացության հոսքերի նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու որպես ճնշման գործիք, ազդանշան է տալիս նաև էներգիայի դիմաց յուանով վճարումներին անցնելու մասին։ Այս քայլը անուղղակիորեն ամրապնդում է Չինաստանի դիրքերը՝ ստեղծելով այլընտրանքային ֆինանսական համակարգ։

Պեկինի համար այս դինամիկան բացում է լրացուցիչ աշխարհաքաղաքական հնարավորություններ։ Չինաստանը շահագրգռված է ոչ միայն էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության թուլացմամբ, այլև հումքի վճարման այլընտրանքային համակարգի մշակմամբ։ Պարսից ծոցում աճող անկայունությունը նաև մեծացնում է Եվրոպայի կախվածությունը լոգիստիկ ու ֆինանսական համակարգերից, որոնց զարգացման գործում Չինաստանը ձգտում է ունենալ կարևոր դեր։

Իրանի ռազմավարությունը հենված չէ միայն ռազմական գործիքակազմի վրա։ Հաշվարկվում են նաև արևմտյան երկրներում տնտեսական դժվարությունների աստիճանական աճի հավանականությունը։ Էներգիակիրների գների բարձրացումը կարող է մեծացնել ճնշումը եվրոպական տնտեսություններում՝ արևմտյան քաղաքական համակարգերում ստեղծելով լարվածություն։

Հակամարտության ներկայիս կոնֆիգուրացիան ցույց է տալիս, որ այն ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթաց։ Իրանը ձգտում է դիմակայությունը վերածել երկարատև պայքարի, որի դեպքում էներգակիրները, ֆինանսական մեխանիզմները և տարածաշրջանային դաշինքները դառնում են հիմնական գործիքներ։ Այսպիսով, Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խաթարել ԱՄՆ գերիշխանությունը՝ միաժամանակ փորձելով ընդլայնել Չինաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ։ Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին։