Այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ խմբագրելու Հանրակրթության պետական չափորոշիչը։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու ավելի հստակ կարգավորումներ և մեծ ճկունություն հանրակրթական դպրոցների համար՝ ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման հարցում։
Չափորոշչի հիմնական սկզբունքները, ինչպիսիք են ուսումնական բնագավառները, դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բաղադրիչները (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեք) և սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, մնացել են անփոփոխ։
Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է դպրոցի կողմից ուսումնական պլանը կազմելու կարգավորման վրա։ Փոփոխությունները ներառում են յուրաքանչյուր կրթական մակարդակի և ուսումնական բնագավառի համար նախատեսվող բաղադրիչների սահմանաչափերի փոփոխություն։
Այս փոփոխությունները հատկապես կարևոր են ավագ դպրոցի համար։ Դպրոցներն այժմ ունեն հնարավորություն ավագ դպրոցի սովորողներին ինտեգրված առարկաների շրջանակում հիմնական ծրագրերով ուսուցանել իրենց մասնագիտական կողմնորոշմանը համապատասխանող առարկաներ, իսկ իրենց նախընտրած առարկաներն ուսումնասիրել նպատակային ծրագրերով՝ խորացնելով գիտելիքները, կարողությունները և հմտությունները՝ նախապատրաստվելով բուհական ընդունելության քննություններին։
Հաշվի առնելով օտար լեզուների իմացության կարևորությունը՝ սահմանվել է, որ ավագ դպրոցի բոլոր դասարաններում սովորողները պետք է ուսումնառեն 2 օտար լեզու։
Ավարտական կիսամյակում ավարտական կամ միասնական քննությունները հաջողությամբ հանձնած սովորողների համար նախատեսվում է ծանրաբեռնվածության նվազեցում՝ նպաստելով նախագծերի, հետազոտական աշխատանքի և կամավորական աշխատանքի իրականացմանը։
Կառավարության որոշմամբ առաջարկվող փոփոխությունները համահունչ են ներառական և զարգացնող միջավայրի ստեղծման և կրթական որակյալ բովանդակության ապահովման ռազմավարական նպատակներին։ Կամավորության միջոցով կխթանվի սովորողների քաղաքացիական ակտիվությունը, համայնքային մասնակցությունը և սոցիալական պատասխանատվությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր չափորոշչի ներդրումը պետության կողմից էական ֆինանսական ներդրում է։ 2025 թվականին դպրոցների պահպանման ծախսերին, որով այս չափորոշչի բովանդակությունը ֆինանսավորվում է, հատկացվել է ավելի քան 128.8 մլրդ դրամ, ինչը 56.9 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին։