ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ընթացող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որոնք վկայում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով հրապարակային խոսքի արտահայտման մասին։
Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ խոսքը պարունակում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ։
Այս հանգամանքի հիման վրա, Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (3 դրվագ) հիման վրա։
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։