Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է շնորհավորական ուղերձ Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ ազգային տոնի՝ Պետականության օրվա առիթով։
Ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առիթով։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության և կառուցողական համագործակցության մթնոլորտում։
Բարձր եմ գնահատում Սլովենիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ընդլայնմանն ու խորացմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք ոչ միայն առավել ամրապնդել մեր փոխշահավետ համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթակներում, այլ նաև բացահայտել նոր ոլորտներ և ուղղություններ, որոնք թույլ կտան հարստացնել մեր օրակարգը՝ ի նպաստ երկու երկրների բարօրության։
Մեծապես կարևորում եմ Սլովենիայի կառավարության աջակցությամբ իրականացվող մարդասիրական ծրագրերը, որոնք նպաստում են տարածաշրջանում հակամարտության հետևանքների հաղթահարմանը։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Սլովենիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։