Այսօր լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցի շուրջ, որը նա բնութագրել է որպես «մտերիմ, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ»։
Նախարարը նշել է, որ Մոսկվան հետևում է Արևմուտքի ջանքերին՝ Հայաստանին ԱՊՀ-ի այլ անդամներից հետո կրկին իր ազդեցության տակ առնելու համար։ Ըստ նրա՝ այդ քաղաքականության նպատակն է խոչընդոտել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերների հետ։
Լավրովը հիշեցրեց, որ այս հարցը բարձրագույն մակարդակով քննարկվել է ապրիլի 1-ին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախարարը նշեց, որ Պուտինը հստակ հասկացրել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում պարտավորությունները չեն կարող համատեղվել Եվրամիությանը միանալու ճանապարհով, քանի որ այդ երկու կառույցներն ունեն միմյանց բացառող պարտավորություններ, ներառյալ առևտրային ռեժիմները։
Նախարարը հավելեց, որ այս հարցը մանրամասն քննարկվել է նաև ԵԱՏՄ-ն համակարգող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ «Մենք այստեղ բացարձակապես մաքուր ենք և ազնիվ մեր հայ բարեկամների հանդեպ։ Դա մեր դաշնակցային պարտականությունն է՝ բացատրել, թե ինչպես կառուցել տնտեսական ինտեգրացիոն գործընթացները արդի աշխարհում, և ինչով է տարբերվում ԵԱՏՄ-ն ԵՄ-ից», – նշեց Լավրովը։
Նա նաև նկատել է, որ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում ԵՄ-ն իր սերբ գործընկերներին առաջադրում է պայման, որը պարտադիր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լիարժեք անդամակցել։ Այդ պայմանը ԵՄ արտաքին քաղաքականությանը լիովին միանալն է, որի էությունը, նրա խոսքով, այս փուլում բացահայտ ռուսատյացությունն է։
Լավրովը հավելեց, որ շատ լավ անձնական շփումներ ունի իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հիմնականում հեռախոսով։ Նա նաև նշեց, որ վերջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ գծով հանդիպում, որին մասնակցել է Հայաստանի փոխարտգործնախարարը։
Նախարարը նշեց, որ օպտիմալ հնարավորություն կլինի քննարկել ծագող հարցերը, կապված ԵՄ-ի Հայաստանին իր ուղեծիր ներքաշելու փորձերի հետ, մայիսի վերջին շաբաթվա վերջում, երբ Ղազախստանում կկայանա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նա հավելեց, որ լսել է, թե ՀՀ վարչապետը հայտարարել է, որ չի կարող մասնակցել այդ գագաթնաժողովին՝ նախընտրական քարոզչության պատճառով։ «Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ լավ հնարավորություն է քննարկելու այն բաները, որոնք կախված են օդում», – եզրափակեց Ռուսաստանի ԱԳ նախարարը։