Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։
Այս հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը՝ նշելով, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Նա համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի և կամրապնդվի։
Վարչապետը շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր սերտ երկխոսության փաստը՝ ընդգծելով վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը, այդ թվում՝ անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության և բռնության դեմ պայքարում։
Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն վարչապետին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները՝ ընդգծելով, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ խաղաղության օրակարգի առաջմղման։
Հանդիպման ընթացքում Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը և կիսվելու իրենց փորձով վերոնշյալ ոլորտներում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։