Ապրիլի 24-ի ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Նա նշել է, որ Ռուսաստանում այս ողբերգությունը միշտ ընդունվել է որպես սեփական վիշտ։ Ցեղասպանության հետևանքով զոհ է դարձել ավելի քան 1,5 միլիոն մարդ, իսկ ավելի քան 600 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այդ ժամանակաշրջանում ավերվել են հայկական հոգևոր սրբավայրերը և քանդվել ճարտարապետական հուշարձանները։
Զախարովան հստակեցրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում հետևողական է և օբյեկտիվ։ Ըստ նրա՝ ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ։ Ռուսաստանը մի շարք միջազգային-իրավական ակտերի, այդ թվում՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու մասին կոնվենցիայի մասնակիցն է։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը՝ դեռևս 1995 թվականին Պետդումայի համապատասխան փաստաթղթերում։ Ըստ նրա՝ ապրիլի 24-ը Ռուսաստանում նշվում է որպես հարգանքի տուրք ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն պաշտոնատար անձինք, ամեն տարի այցելում են Երևանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն որոշ արևմտյան գործընկերների, չի հեռացնում իր կողմից իրականացված աջակցության նման ժեստերի մասին հրապարակումները սոցիալական ցանցերից և տեղեկատվական հարթակներից, ինչպես նաև չի խուսափում օգտագործել «ցեղասպանություն» բառը։
Դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանում գիտեն, որ ապրիլի 24-ը հսկայական հոգևոր և բարոյաքաղաքական նշանակություն ունի բարեկամ հայ ժողովրդի և ՌԴ բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար, որոնց համար սա սգո օր է և հայերի տոկունության խորհրդանիշ։