Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հրապարակել է ուղերձ, որում խորը վշտով հիշում է այս մարդկային ողբերգության զոհերին։
Նա ընդգծել է, որ այս տարելիցը հնարավորություն է տալիս կրկին ընդգծելու հավաքական հիշողության պահպանման, արդարության և մարդկային արժանապատվության արժեքների առաջմղման կարևորությունը։
«Մենք խորը վշտով հիշում ենք այս մարդկային ողբերգության զոհերին և խորհում տոկունության և սեփական ինքնությանը հավատարմության կարևորության մասին», – նշել է նախագահը։
Ջոզեֆ Աունը նաև հիշեցրել է, որ Լիբանանը դարձել է ապաստան հայերի համար, ովքեր այստեղ գտել են երկրորդ հայրենիքը, ներդրում ունեցել երկրի զարգացման գործում և դարձել նրա ազգային հյուսվածքի ու հարուստ բազմազանության անբաժանելի մասը։
Լիբանանի ղեկավարը վերահաստատել է երկրի հավատարմությունը իր առաքելությանը՝ որպես ազատության և բազմազանության երկրի, և նշել, որ հիշողության պահպանումը ողբերգությունների կրկնությունը կանխելու հիմնարար հիմքն է։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեց հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունը, որը հետագայում վերածվեց հայերի լիակատար բնաջնջման։ Այս ողբերգության հետևանքով զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն անմեղ մարդ։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լատվիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և այլն։ Թուրքիան շարունակում է ժխտել այս ողբերգությունը։