Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումն Աբդուլլահ Գյուլի հետ

Ապրիլի 22-ին Դելֆիի տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակել են մտքեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Այս հանդիպումը հատկապես հետաքրքրություն է առաջացնում պատմական համատեքստում։ Հիշեցնենք, որ հենց Աբդուլլահ Գյուլի նախագահության օրոք՝ 2008 թվականին, սկսվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև շփումները, որոնք հայտնի դարձան որպես «ֆուտբոլային դիվանագիտություն»։

Այդ թվականին Թուրքիայի նախագահը ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք ֆուտբոլային խաղին։ Սա Թուրքիայի պետության ղեկավարի առաջին այցն էր անկախ Հայաստան։

Սերժ Սարգսյանի պատասխան այցը տեղի ունեցավ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Հայաստանի նախագահը այցելեց պատասխան խաղին թուրքական Բուրսա քաղաքում։ Այս շփումների արդյունքում 2009 թվականի հոկտեմբերին ստորագրվեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։

Չնայած միջազգային հանրության սկզբնական լավատեսությանը՝ այդ գործընթացը փաստացի մտավ փակուղի։ Երկու երկրների խորհրդարաններն այդպես էլ չվավերացրին ստորագրված արձանագրությունները։ Ադրբեջանի ճնշման ներքո Թուրքիան հարաբերությունների կարգավորումը պայմանավորեց Ղարաբաղի հարցի լուծման հետ, ինչը հայկական կողմի համար անընդունելի պայման էր։