2020 թվականից հետո Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվել են բեկումնային փոփոխությունների պայմաններում։ Անվտանգության հին համակարգը քանդվել է, իսկ նորը մինչ օրս չի ձևավորվել։
Իմ տեսակետով, այս փուլում ամենակարևոր խնդիրը պետք է լիներ կայունության վերականգնումը։ Սակայն, դժբախտաբար, գործող իշխանությունը որդեգրել է պատեհապաշտության ճանապարհը՝ ենթարկվելով արտաքին ճնշումների։ Սա, իմ կարծիքով, վիթխարի և կոպիտ սխալ է, որը խորացնում է երկրի անվտանգության խնդիրները։
Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ձևավորի անվտանգության գործուն մեխանիզմներ։ Սա նշանակում է պահպանել և ամրապնդել մեր անդամությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Պետության անվտանգությունը բազմակողմանի գործընթաց է, որը պետք է ներառի երեք հիմնական բաղադրիչ։
Առաջինը՝ ուժերի հավասարակշռություն։ Առանց ուժերի վերականգնման և զինված ուժերի հզորացման չի կարելի ակնկալել երկարաժամկետ խաղաղություն։ Երկրորդը՝ զսպումներ։ Պետք է ապահովել այնպիսի դաշնակցային կապեր, որոնք կանխեն ցանկացած ագրեսիվ գործողություն։ Երրորդը՝ երաշխիքներ։ Անհրաժեշտ է ձևավորել միջազգային երաշխիքների համակարգ, որը կապահովի մեր տարածքային ամբողջականությունը և անկախությունը։
Հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը, ցավոք, դժվար է անվանել երկարաժամկետ խաղաղություն։ Հայաստանի խոցելիությունը չի վերացել, և այսօր անվտանգության հետ կապված շատ կարևոր որոշումներ կայացվում են մեր պետության սահմաններից դուրս։ Այս իրավիճակում անհրաժեշտ է դաշնակիցների օգնությամբ ձևավորել ուժերի իրական հավասարակշռություն, ինչը թույլ կտա բացառել ցանկացած ճնշում և ապահովել երկրի անվտանգությունը։