Ներքին գործերի նախարարությունում (ՆԳՆ) կայացած աշխատանքային քննարկումների արդյունքում որոշվել է սահմանային կառավարման համակարգում ներդնել նորարարական անշփում անցման ավտոմատացված համակարգ՝ e-gate։
Նոր համակարգը նախատեսվում է ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը՝ ապահովելով քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատում և նույնականացման մեխանիզմների կատարելագործում։ Համակարգը կունենա հնարավորություն ավտոմատ կերպով իրականացնել կենսաչափական նույնականացումը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանը և ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար առանցքային է տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման համապարփակ մեխանիզմների ներդրումը։ Այս համակարգված մոտեցումը կնպաստի սահմանային հսկողության ընթացակարգերի արագացմանը։
Նախարարության ներկայացուցիչները կարևորել են միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը և սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները համակարգի ներդրման ուղղությամբ։
Նոր տեխնոլոգիան կիրառական կլինի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և երկրի սահմանային հսկիչ անցակետերում՝ համահունչ նոր սերնդի կենսաչափական անձնագրերի ներդրման ծրագրին։ Այս էլեկտրոնային դարպասները կթույլ տան քաղաքացիներին անցնել անձնագրային հսկողություն ավտոմատ ռեժիմով՝ առանց սահմանային ծառայության աշխատակիցների միջամտության։ Անշփում անցման համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել նոր փաստաթղթերի գործարկումից առաջ՝ սեպտեմբեր ամսին։ Էլեկտրոնային դարպասներից օգտվելու համար անհրաժեշտ կլինի նոր նմուշի անձնագիր, որը կպարունակի կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային չիպ։