Հայաստանից արտահանման և դեպի Հայաստան ներմուծման համար Ախալքալաք-Կարս երկաթգծի բացումը նոր քայլ է առևտրի ոլորտում՝ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան հրապարակմանը։
Դեսպանը նշել է, որ սա նոր քայլ է ուղղակի առևտրի ոլորտում Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի շրջանակներում։ Նրա խոսքով՝ այս նոր քայլը նաև կնպաստի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցության զարգացմանը և կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության ու կայունության գործում։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական էջերում հայտնել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչպես և Ադրբեջանի երկաթուղին, արդեն բաց է Հայաստանից արտահանման և դեպի Հայաստան ներմուծման համար։ Նա նշել է, որ սա մեծ իրադարձություն է երկրի տնտեսական կյանքում։
Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանն ունի երկաթուղային կապ Ռուսաստանի հետ՝ Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչպես նաև Չինաստանի հետ՝ Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով։ Նա նաև հավելել է, որ այժմ Հայաստանն ունի երկաթուղային կապ Եվրոպական միության հետ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։
Փաշինյանը նաև նշել է, որ ապագայում ակնկալվում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, իսկ այնուհետև Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթգծերի բացումը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Անկարան ընդգծել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերում կգործի Ադրբեջանի հետ համակարգված։ Կողմերը նշանակել են կարգավորման գործընթացով հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչին և Ռուբեն Ռուբինյանին, ովքեր արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։