Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից՝ առաջին միջազգային գիտաժողով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի է ունեցել «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով առաջին միջազգային գիտաժողովը։ Այս միջոցառումը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում։

Գիտաժողովի բացմանը հանդես եկած ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը նշել է, որ 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին առաջին անգամ կմասնակցի նաև ինստիտուտը։

«Հայ ժողովրդի և այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրությունը տասնամյակներ շարունակ գտնվել է Արվեստի ինստիտուտի գիտական հետազոտությունների առանցքում։ Այս համատեքստում հայ-ֆրանսիական մշակութային կապերի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է», – ասել է Աննա Ասատրյանը՝ նշելով, որ գիտաժողովը կդառնա ամենամյա միջոցառում, որը կկազմակերպվի յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին՝ ունենալով իր պատվավոր հյուրին։ Այս տարվա գիտաժողովի պատվավոր հյուրը եղել է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Հովհաննես Չեքիջյանը։

«Մաեստրոն իր գործունեությամբ հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ է։ Մեզ համար միանգամից պարզ էր, թե ով պետք է լինի անդրանիկ գիտաժողովի պատվավոր հյուրը՝ մի մարդ, ով կրթվելով Ֆրանսիայում, ձևավորվելով ֆրանսիական երաժշտական միջավայրում, հետագայում իր ստեղծագործական ողջ կատարողական գործունեության ընթացքում պրոպագանդել է ֆրանսիական վոկալ սիմֆոնիկ երաժշտությունը», – ավելացրել է Աննա Ասատրյանը։

Իր հերթին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշել է, որ հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունը հաշվվում է դարերով և այսօր էլ ունի ինտենսիվ զարգացման փուլ։ Նրա խոսքով՝ առաջին հայը Ֆրանսիայում հայտնվել է դեռևս 591 թվականին, իսկ 1855 թվականին լույս տեսավ Ֆրանսիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Արևելքը»։

«Ի սկզբանե հայ-ֆրանսիական մշակութային կապերը կրել են անհատական բնույթ։ Ֆրանսիայում են սովորել և ստեղծագործել շատ հայ անվանի գործիչներ՝ Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Ստեփան Աղաջանյան, Հակոբ Գյուրջյան և այլոք։ Իսկ երբ մենք ունեցանք պետականություն, այդ մշակութային կապերը սկսեցին կրել արդեն միջպետական բնույթ։ 1949 թվականին ստեղծվել է Ֆրանսահայ մշակութային միությունը, որը մինչ օրս ակտիվ գործում է», – նշել է Յուրի Սուվարյանը՝ ընդգծելով, որ մշակութային կապերի ամրապնդումը պետականության ամրապնդման անբաժանելի մասն է։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել վաստակաշատ գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ Լիբանանից, Հայաստանից, Չինաստանից և Ֆրանսիայից։ Նրանց զեկուցումները նվիրված էին հայ-ֆրանսիական մշակութային փոխազդեցություններին երաժշտության, ճարտարապետության, կերպարվեստի և թատրոնի ոլորտներում։