ՀԱՊԿ-ն հույս ունի, որ ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի կայուն խաղաղության

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպությունը հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին և հույս ունի, որ ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության։

Այս մասին նա նշել է կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ Ըստ նրա՝ «ՀԱՊԿ-ն չի թուլացնում ուշադրությունը կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Արձանագրում ենք հուսադրող միտումներ, որոնք նպատակաուղղված են երկու երկրների միջև խաղաղության շուրջ միջպետական համապարփակ համաձայնագրի ստորագրմանը»։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Իսկ սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։