Հայաստանի Անվտանգության Խորհրդի գրասենյակը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է Ռուսաստանի կողմից ուղարկված պաշտոնական գրություն։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան կարող է խզել Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանը անդամակցելու գործընթացը։
Զախարովան նաև հերքել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը, թե Հայաստանը դեռևս չի ստացել Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրավոր դիմում՝ համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկացման, մայիսի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը։ Այս փաստաթղթում հստակ նշված է, որ ԵՄ անդամակցության գործընթացի շարունակման դեպքում Ռուսաստանը կկասեցնի կամ միակողմանի կարգով կչեղյալ հայտարարի համագործակցության համաձայնագիրը։