ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Հանդիպման ընթացքում Պողոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության կատարման գործում։ Նա նշել է երկու երկրների քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական գործողությունների արդյունավետության հարցը։
Քննչական կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցությունը դարձել է առավել արդյունավետ՝ շնորհիվ Քննչական կոմիտեի և դեսպանատան միջև ամենօրյա և կառուցողական փոխգործակցության։
Իրանի դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ կեղծ թղթադրամների, արգելված դեղամիջոցների և այլ հարցերի վերաբերյալ տարբեր քրեական գործերի նախնական քննությունները կատարվում են օպերատիվ ռեժիմով։
Հանդիպման ընթացքում քնարկվել են նաև միջազգային հանցագործության, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ ջանքերը։