«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել է իշխանությունների կողմից առաջարկված չմիջամտության մասին

Իր տնային կալանքի ժամանակ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր ձերբակալությունից առաջ Հայաստանի իշխանություններն առաջարկել են նրան չմիջամտել երկրի քաղաքական գործընթացներին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը վերադարձնելու դիմաց։

Նրա խոսքով՝ այդ առաջարկը փոխանցվել է իր մոսկովյան ընկերների միջոցով։ «Իսկ այդ առաջարկությունից առաջ, այսինքն՝ դեռ մինչեւ ինձ ձերբակալելը, բարձր մակարդակով ինձ առաջարկել են հանդես գալ հայտարարությամբ, որ ես չեմ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին։ Փոխարենը՝ ինձ խոստանում էին վերադարձնել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ Բայց ես չընդունեցի այդ առաջարկը, եւ մենք առաջ գնացինք», – նշել է Սամվել Կարապետյանը։

Կուսակցության առաջնորդը նաև մեկնաբանել է ընդդիմության պատրաստվածությունը փողոցային պայքարի՝ իշխանությունների կողմից ճնշման ուժեղացման և նոր ձերբակալությունների ֆոնին։ Նրա կարծիքով՝ ընդդիմադիր ուժերը պատրաստ են ցանկացած զարգացման։ «Ինձ թվում է, որ ընդդիմությունը պատրաստ է ցանկացած տեսակի պայքարի։ Գործող իշխանության գործելաոճը ներքին ցնցումների արդյունք է։ Քանի որ, շրջելով երկրի մարզերում, նրանք տեսան, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը։ Հետեւաբար, նրանք այժմ հույս են դնում միայն ճնշման և բռնաճնշումների վրա։ Բայց դա նրանց չի օգնի։ Մինչ նրանք մեկ մարդու են բերման ենթարկում, ևս 1000 մարդ հանդես է գալիս նրանց դեմ», – եզրափակել է Սամվել Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 18-ին իրավապահ մարմինները ձերբակալել էին, ապա դատարանը կալանավորել էին Սամվել Կարապետյանին՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով։ Այս գործողությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Կարապետյանը հարցազրույցում հայտարարել էր, որ «մենք մեր ձևով կմիջամտենք», եթե քաղաքական գործիչները չկարողանան պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին։

Կարապետյանին կալանավորելուց հետո իշխանությունները փաստացի խլել են Կարապետյանների ընտանիքի կողմից վերահսկվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։ Փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից միաձայն վարչապետի թեկնածու էր առաջադրվել քաղաքական ուժի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։