Քարոզարշավը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի

Իմ անունից՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, հայտնում եմ, որ իշխանությունները սկսել են համակարգված և նպատակային հարձակումներ իրականացնել մեր կուսակցության դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում։

Այս գործողությունները սկսվել են երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից անոնսավորվելուց հետո, երբ երեկ արդեն մեղադրանք էր ներկայացվել Անդրանիկ Թևանյանին։ Վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու դիմակավորված անձինք ներխուժում են մեր կուսակցության պատգամավորության թեկնածուների բնակարաններ և աշխատավայրեր։ Այսօր խուզարկություններ են իրականացվում նրա գրասենյակում, իսկ նախօրեին՝ մեր պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Գյումրիում տեղի են ունեցել մեր կուսակցության հզոր և բազմամարդ հանդիպումներ։ Իշխանությունները, ակնհայտ է, քաղաքական ցնցումների մեջ են հայտնվել։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ վաղ առավոտյան մամուլի ասուլիսներ տալու և անհանգիստ հայտարարություններով հանդես գալու տեսքով, ինչպես նաև բացառապես անհիմն մեղադրանքներով ու անձնական բնույթի վիրավորանքներով անհավասարակշիռ պահվածքը, խոսում են միայն մեկ բանի մասին՝ իշխանության խուճապի մասին։

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի ծրագրային բովանդակությամբ հանդես չի գալիս, այլ առաջնորդվում է փողոցային բառապաշարով քաղաքական ընդիմախոսների հասցեին ցեխ շպրտելու գործելաոճով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար տարիների քաղաքական ճանապարհ ունի։ Մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել պետության, հայրենիքի և ժողովրդի շահերի պաշտպանությանը։

Մենք ունենք համագործակցության հուշագրեր արտերկրի մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության, ինչպես նաև Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ բերել է շուրջ երեք տասնյակ եվրոպացի պատգամավորների Հայաստան և Արցախ՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախը գոյություն ունի, որ այնտեղ ապրում են մարդիկ, և որ այն պարզապես «պատերազմի գոտի» չէ։ Այս համագործակցությունները միշտ ծառայել են միայն մեկ նպատակի՝ միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հայկական շահի պաշտպանությանը։

Մենք միանշանակ ենք մեր դիրքորոշման մեջ․ որևէ բռնաճնշում, որևէ հալածանք և որևէ քաղաքական հետապնդում չի կարող ազդել մեր քաղաքական ուղեգծի վրա։ Մենք միշտ պաշտպանել ենք և շարունակելու ենք պաշտպանել հայկական շահը և Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը։

Հրավիրում ենք միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա։ Եթե դուք չեք տեսնում, կամ չտեսնելու եք տալիս այս խայտառակ իրողությունները, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում։