ՄԻԵԴ-ն պարտավորեցրել է Ադրբեջանին հրապարակել հայ գերիների դատավճիռները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կրկին պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը տրամադրել տեղեկություններ Ադրբեջանում պահվող հայ գերիների դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում կայացված դատավճիռների մասին։

Ադրբեջանը շարունակաբար դիմում է ՄԻԵԴ՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում է երկիրը պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ՝ կալանավորված հայերի պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և իրականացված բժշկական հետազոտությունների մասին։ Ադրբեջանը պնդում է, որ բոլոր գործընթացները թափանցիկ են և հրապարակային։

ՄԻԵԴ-ն 2026 թվականի ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը։ Դատարանը կրկին պահանջել է ներկայացնել տեղեկություններ կալանավորվածների պահման վերաբերյալ, ինչպես նաև դատավճիռների պատճենները կամ ամփոփագրերը։ Զեկույցը պետք է ներառի դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաքվի դատարանը «շինծու մեղադրանքներով» ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։