Գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Գլխավոր դատախազը ողջունել է Դեյվիդ Ալենին և բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ դատախազության համար վստահելի գործընկեր է, ինչի մասին վկայում են երկու կողմերի միջև հաճախակի և արդյունավետ հանդիպումները։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, իր հերթին, արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը։ Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։ Այդ հարցերին անդրադառնալիս կողմերը քննարկել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնության ցանկացած հնարավորություն, ինչպես նաև հանձնումների հարցերը։

Հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքներին։ Դրանցից մեկը ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի դիտարկումն է։ Խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասի վերադարձման ընթացքին և ժամկետներին։